Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարություն․ կայացել է «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովը

Ամերիկյան գործարարների համար հայկական շուկայում կապերի հաստատմամբ ձևավորվում է մի այնպիսի իրավիճակ, որտեղ շահում են բոլորը: Գործարար ոլորտը մշտապես փնտրում է ներդրումային հնարավորություններ, իսկ ավելի շատ ընկերությունների մուտքը Հայաստան` ամրապնդում ու առավել բազմազան է դարձնում երկրի տնտեսությունը:

Այս նոր կապերը դյուրացնելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Կոնվերս բանկը կազմակերպել են մեկօրյա բիզնես համաժողով՝ ներկայացնելու ամերիկյան գործարարների համար Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները:

Միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 18-ին` Երևանում:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Նման միջոցառումները լուրջ խթան են տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, գործարարների համար նոր հնարավորությունների և նոր շուկաների բացահայտման համար», – նշել է Արծվիկ Մինասյանը և ավելացրել. «Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման այս նոր փուլը կնպաստի հայկական և ամերիկյան գործարար համայնքների էլ ավելի սերտ և արդյունավետ համագործակցության խրախուսմանը, նոր փոխշահավետ գործարար կապերի հաստատմանը և համագործակցության նոր ոլորտների ուղենշմանը»:

«Որպես դեսպան իմ գերակա խնդիրներից մեկը մեր երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է: Դեսպանատունը և  էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերներն աշխատում են համատեղ կոմերցիոն կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Համաժողովին մասնակցել են հայկական գործարար դաշտի առաջատարներ, ինչպես նաև տարածաշրջանում հաջողությամբ տնտեսավարող ու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները դիտարկող տասնյակ ամերիկյան ընկերությունների գործադիր պաշտոնյաներ:

Այս համաժողովն ամերիկյան գործարարներին հնարավորություն է ընձեռվել լսելու փորձագետների ու ֆինանսական հաստատությունների նկատառումները հայաստանյան ներդրումային հեռանկարների վերաբերյալ: ՀՀ պետական պաշտոնյաների կողմից ներկայացվել են Հայաստանի տնտեսական զարգացման գերակայությունները:

Օրվա ընթացքում հայ գործարարները  ամերիկյան գործընկերների հետ քննարկել են հետագա գործընկերության ու գործարքների հեռանկարները:

«Գիտենք, որ հայ գործարաները կարողանում են լավ գործարքներ կնքել և մշտապես փորձում են նոր ապրանքներ ու ծառայություններ ներմուծել հայկական շուկա ու գտնել իրացման նոր ուղիներ Հայաստանում պատրաստված ապրանքների ու ծառայությունների համար: Հայ գործարարների ու մի շարք հայտնի ամերիկյան ընկերությունների միջև կապեր ստեղծելով՝ մենք հույս ունենք երկկողմ առևտրի հետագա ընդլայնման ականատեսը դառնալ: Սա այն է, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին տնտեսությունը զարգացնելու համար՝ ռեսուրսներ և կապեր», – ասել է դեսպան Միլսը:

Համաժողովին մասնակցելու համար Երևան էին ժամանել տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի, սպառողական ապրանքների, արտադրական և քիմիական արդյունաբերության ոլորտի տասնյակ ամերիկյան կորպորացիաների ներկայացուցիչներ, ինչը հայ գործարարներին հնարավորություն է տվել ծանոթանալու  հայտնի ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված են և ցանկանում են մուտք գործել ու ընդլայնել իրենց ներկայությունը հայաստանյան շուկայում:

Մեկօրյա համաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ պետական այլ կառույցների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների կողմից:

Այս միջոցառումն իրականացվել է 2015թ. նոյեմբերին Հայ-ամերիկյան առևտրի ու ներդրումների խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Խորհուրդը ձևավորվել է 2015թ. մայիսին երկու երկրների միջև Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Share