Բաժին. Տնտեսական

«Կանխիկ փողի սիրահարներ». 5 ընկերություն, որոնք կանխիկ պահում են ավելի քան $500 մլրդ

Ամերիկյան ոչ ֆինանսական ընկերությունների մոտ կանխիկ պահվող ֆինանսական միջոցների շուրջ մեկ երրորդը կենտրոնացված է 5 ընկերության ձեռքերում: Այդ ընկերություններն են՝ Apple Inc., Microsoft Corp., Alphabet Inc., Cisco Systems Inc. և Oracle Corp.: Ինչպես փաստում են Moody’s Investors Service գործակալության կողմից իրականացված վերլուծության արդյունքները՝ վերը նշված ընկերությունները գերադասում են իրենց կանխիկ ֆինանսական միջոցները պահել ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

Moody’s-ի վերլուծաբանների հաշվարկներով՝ ոչ ֆինանսական ընկերություններն ԱՄՆ սահմաններից դուրս պահում են շուրջ 1.2 տրիլիոն ԱՄՆ դոլարի կանխիկ ֆինանսական միջոցներ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1.1 տրիլիոն ԱՄՆ դոլար, 2013 թվականին՝ 947 մլրդ ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ գրանցված միտումները կպահպանվեն, և ցուցանիշն առաջիկա տարիներին կշարունակի աճել:  

Ըստ ներկայացված տվյալների՝ Apple-ը, Microsoft-ը, Alphabet-ը, Cisco Systems-ը և Oracle-ը միասին ունեն շուրջ 504 մլրդ ԱՄՆ դոլարի կանխիկ ֆինանսական միջոցներ, որը կազմում է 2015 թվականի արդյունքներով ոչ ֆինանսական ընկերությունների մոտ պահվող շուրջ 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլարի կանխիկ ֆինանսական միջոցների շուրջ 30%-ը: 2014 թվականին նշված ցուցանիշը կազմել էր 27%, իսկ 2013 թվականին՝ 25%:

Հարկ է նշել, որ միայն Apple ընկերությունը պահում է շուրջ 215 մլրդ ԱՄՆ դոլարի կանխիկ միջոցներ:

Share