Բաժին. Տնտեսական

Ապրիլին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորում է ստացել 625 հազար բնակիչ-բաժանորդ

Այս տարվա ապրիլին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կառավարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 571 մլն. դրամ, ինչը 33 մլն. դրամով ավել է նախորդ ամսվանից։

Փոխհատուցումից օգտվել է ավելի քան 625 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն ավելացել է ևս 54 հազարով։ Բնակիչ-բաժանորդների ավելի քան 80 տոկոսը ապրիլին օգտվել է փոխհատուցումից։ Բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 547 մլն. դրամը։

Անցած յոթ ամիսներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է ավելի քան 5,5 մլրդ. դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ 5,3 մլրդ. դրամը, բնակիչ-բաժանորդներին։                 

Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին և մինչև 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-ներին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչև 2016թ. հուլիսի 31-ը։

Share