Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյան․ ներդրողները պետք է զգան, որ Հայաստանում իրենց ներդրումները պաշտպանված են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Հայաստանում ներդրումային քաղաքականության ոլորտում կիրառվող մոտեցումների վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ հարկավոր է հատկապես օտարերկրյա ներդրումների մասով պաշտոնական մոտեցում ունենալ:

«Մենք պետք է ունենանք տեղական և օտարերկրյա ներդրումների պաշտպանության արդյունավետ համակարգ: Թե տեղական, թե օտարերկրյա ներդրողները պետք է զգան, որ Հայաստանում իրենց ներդրումները պաշտպանված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ հակառակ պարագայում Հայաստանը կարող է կորցնել նաև տեղական ներդրողներին, քանի որ նրանք կնախընտրեն ներդրումներ իրականացնել մեկ այլ երկրում, որտեղ դրանք ավելի պաշտպանված են լինելու: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ հարկավոր է ունենալ նաև արդյունավետ դատական համակարգ, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանը ներդրումների պաշտպանվածության բարձր մակարդակ ունեցող երկիր համարել:

Share