Բաժին. Տնտեսական

Մեկ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում պղինձը էժանացել է 12%-ով, մոլիբդենը՝ շուրջ 35%-ով

2015 թվականին համաշխարհային շուկայում գրանցվել է պղնձի և մոլիբդենի գների անկում. պղնձի միջին տարեկան գինը հաշվետու տարվա ընթացքում նվազել է 12.3%-ով՝ կազմելով 5500.6 ԱՄՆ դոլար՝ մեկ տոննայի դիմաց: Միևնույն ժամանակ, մոլիբդենի միջին տարեկան գինը նվազել է 34.7%-ով՝ կազմելով 17,1 հազար ԱՄՆ դոլար՝ մեկ տոննայի դիմաց:

Հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում գների նման անկումը և բացասական միտումները լուրջ դժվարություններ են ստեղծել ոլորտի հայաստանյան ընկերությունների համար։

Նշենք, որ Հայաստանը մոլիբդենի հիմնական խոշոր արտադրողներից մեկն է։ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը մոլիբդենի խոշոր պաշարներ ունի, որոնք կենտրոնացած են Քաջարանի հանքավայրում։ Մոլիբդենից բացի Հայաստանը ունի նաև պղնձի զգալի պաշարներ:

Հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է: Մեր երկրի արտահանման ծավալի կեսից ավելին կազմում է հանքահումքային արտադրանքը:

Հայաստանի Կենտրոնական Բանկի (ԿԲ) կանխատեսումների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում գունավոր մետաղների միջազգային գները կշարունակեն պայմանավորվել զարգացող երկրների տնտեսությունների զարգացման միտումներով, և գների էական աճ չի արձանագրվի:

Share