Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինայանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովին:

Շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ-ին Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար` նախարար  Մինասյանը ներկայացրել է նախարարության ոլորտային գործունեությունը, երկրի տնտեսական զարգացմանն ուղղված գերատեսչության քաղաքականությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել այն ծրագրերին, որոնց ԵԱՀԿ-ն ցուցաբերում է աջակցություն, մասնավորապես, տնտեսական բարեփոխումների գործընթացների շրջանակներում աջակցում է կարգավորման շրջանակի վերանայմանը և բարեփոխմանը, իրականացնում է բիզնես միջավայրի բարելավման ծրագրեր: Կողմերը խոսել են համագործակցության ներկա օրակարգային հարցերից` կայուն շուկայական տնտեսությանն անցմանը և տնտեսական կայունության երաշխավորմանն աջակցության ծրագրի շրջանակներում ՓՄՁ հատվածի  2015 թվականի վիճակագրական վերլուծության իրականացմանը, ինչպես նաև, Հայաստանի կանաչ աճի ցուցանիշների համակարգի մշակման նախաձեռնության շրջանակներում վերլուծական և գնահատման աշխատանքների իրականացմանը:

Արգո Ավակովը ներկայացրել է իրենց կողմից կատարված աշխատանքները` «Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ տեղեկատվական հենքը Հայաստանում», «ԵԱՏՄ տարածքում նոր տնտեսական հնարավորությունների բացահայտում» և «ԵԱՏՄ իրավակարգավորումների վերլուծություն» ձեռնարկները: Անդրադառնալով ներդրումային ոլորտին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրել է «Ներդրումային դարպասներ» ծրագիրը, որը լավ հնարավորություն է մեկ հարթակում ծանոթանալու կոնկրետ երկրի ներդրումային հնարավորություններին, կարևորելով համաշխարհային այդ հարթակում Հայաստանի ներկայացվածության անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մի շարք հարցերի ևս, այդ թվում` օրենսդրության կարգավորման և ազդեցության գնահատման հարցերին:

Share