Բաժին. Տնտեսական

Մինչև 2019թ. Հայաստանը կունենա գրեթե 100%-ով վերազինված, բարձր մակարդակի բարձրավոլտ ցանց

Մինչև 2019թ. Հայաստանը կունենա գրեթե 100 տոկոսով վերազինված, միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձր մակարդակի բարձրավոլտ ցանց։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Իրականացվող միջոցառումների արդյունքում` հնարավորություն կընձեռնվի զուգահեռ աշխատել Վրաստանի էներգետիկ համակարգի հետ, դրա միջոցով  դուրս գալ նաև  Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ։ Այդ նպատակով, առաջիկայում Վրաստանի սահմանի վրա կառուցվելու է Հայաստանում առաջին հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։

Ըստ Ա. Գալստյանի, 2019 թվականից սկսած, գործելու է հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքը։ Այժմ քայլեր են արվում Վրաստանի հետ համակարգերի համատեղ աշխատանքը կարգավորող իրավական դաշտի ձևավորման համար։ Արդեն ստորագրվել է երկու համաձայնագիր։

– Կարծում եմ, մինչև տարեվերջ կստորագրենք նաև տարանցիկ փոխանակումների մասին համաձայնագիրը։ Դրանից հետո կսկսենք աշխատել տարածաշրջանային շուկայական հարաբերությունները կարգավորող դաշտի ձևավորման ուղղությամբ, որին կմասնակցեն նաև Իրանն ու Ռուսաստանը։

Հունիսի վերջին պլանավորված է քառակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի մասնագետների մասնակցությամբ։ Նախատեսվում է սկսել աշխատանքները էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ երկու ամիս առաջ Երևանում հաստատված ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների իրականացման ուղղությամբ։

Share