Բաժին. Տնտեսական

Հայաստանի բոլոր ԱԳԼՃԿ-ներում բաշխիչ աշտարակների տեղադրումը ստուգումների արդյունք է

Հայաստանում գործող բոլոր ավտոգազալիցքավորման ճնշակայաններում(ԱԳԼՃԿ) տեղադրված են բաշխիչ աշտարակներ: Դա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` իրենց աշխատանքի արդյունքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, 2015 թվականի ստուգումներից հետո գազալցակայանների 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը և վերսկսել են աշխատանքը թերությունները վերացնելուց հետո, որը տևել է 5-20 օր: «ԱԳԼՃԿ-ների ոլորտում բավականին խոշոր ստուգումներ են իրականացվել: Եթե հիշեք, նախկինում գազալցակայաններում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին: Տեսչությունը նույնպես հանդիպումներ կազմակերպեց տվյալ ոլորտի հետ, իրականացվեցին ստուգումներ: Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող 100 տոկոս ԱԳԼՃԿ-ներում տեղադրված են բաշխիչ աշտարակներ, ինչը կարելի է ձեռքբերում համարել: Սա ևս մեկ քայլ է դեպի ավելի անվտանգ  գազալիցքավորում»,-նշեց պաշտոնյան: Խալիկյանը հավելեց, որ ներկայում հաճախորդը կա րող է տեսնել և մթնոլորտային ճնշումը, և ջերմաստիճանը:

Նրա խոսքով` ԱԳԼՃԿ-ներում խախտում հայտնաբերելու դեպքում նշանակվում է վարչական տուգանք և արգելվում է գործունեությունը մինչև խախտումը չվերացվի: «Այն ժամանակ, երբ նախկին տեսչությունը իր ամբողջ ուժերը ներդրել էր ԱԳԼՃԿ-ների վերահսկողությունը իրականացնելուն, մեծ քանակությամբ ԱԳԼՃԿ-ների գործունեություն կասեցվեց մինչև խախտման վերացումը: Մոտ 15-20 տոկոսը կասեցվեցին, տևեց 5-20 օր մինչև տեղադրեցին բաշխիչ աշտարակները»,-տեղեակցրեց տեսչական մարմնի ղեկավարը:

Share