Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյան․ կրճատվելու է 4-5 փոխնախարարի հաստիք

Կառավարությունն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել պետական բյուջեի միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու ուղղությամբ: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին: «Միգուցե, մենք այս տեմպով այդ աշխատանքներն ավելի շուտ պետք է սկսեինք: Բայց, իհարկե, կան շատ քաղաքական գործիչներ, ովքեր ցանկանում են չհավատալ, բայց մենք մեր գործունեությամբ փորձելու ենք իրենց համոզել, որ քայլեր ենք ձեռնարկում ծախսերն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ կառավարությունը քայլ առ քայլ իրականացնելու է այն ծրագրերը, որ դրել է իր առջև: «Ուղղակի չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրները լուծվելու են: Դրա համար ժամանակ և ռեսուրսներ են պետք, և մենք իրականացնելու ենք այդ քայլերը: Արդյունքները դուք կտեսնեք: Օրինակ, նախարարություններում արդեն սկսվել են կրճատումները՝ անգամ փոխնախարարների մակարդակով: Այսօր մենք էկոնոմիկայի մեկ փոխնախարարի հաստիք կրճատել ենք: Վաղը կրճատելու ենք ևս 3-4 փոխնախարարների: Այդ գործընթացը քննարկվում է ըստ նախարարությունների: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի յուրաքանչյուր դրամ ծախսվի արդյունավետ: Գործընթացը լինելու է շարունակական:

Share