Բաժին. Տնտեսական

Սիլիկոնյան հովտում մեկնարկել է «Հայաստան ՏՏ ֆորումը»

Սիլիկոնյան հովտում Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում մեկնարկել է «Հայաստան ՏՏ ֆորումը», որն անցկացվում է «ԱրմԹեք»-ի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլոլտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:

«Հայաստան ՏՏ ֆորումի» ուշադրության կենտրոնում կլինեն հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:

Միջոցառման օրակարգում ներառված են մի շարք թեմաներ, ինչպես օրինակ, Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները, նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումն ու կապը համաշխարհային շուկայի հետ, մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում, կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և «Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «ՊիկսԱրթ», «Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը:

Share