Բաժին. Տնտեսական

Վախթանգ Միրումյան․ հարկային նոր օրենսգրքով գինու և կոնյակի ակցիզային հարկը չի ավելանա

Հարկային նոր օրենսգրքով գինու և կոնյակի ակցիզային հարկը չի ավելանա. ալկոհոլային խմիչքներից կբարձրանա միայն օղու ակցիզային հարկը: Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Ալկոհոլային խմիչքների մասով մենք առաջարկում ենք յուրաքանչյուր տարի՝ մինչև 2021 թվականը, բարձրացնել և ներդաշնակեցնել միայն օղու ակցիզային հարկի դրույքաչափը: Նախատեսվում է բարձրացնել նաև ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը: Այսինքն՝ խոսքը չի վերաբերում բոլորին, գինու կամ կոնյակի մասով մենք առաջարկում ենք չբարձրացնել ակցիզային հարկի դրույքաչափերը, ասվածը վերաբերում է միայն օղուն ու ծխախոտին: Ընդ որում, օղու մասով էլ վերաբերում է այն արտադրանքին, որը հատապտղային կամ պտղային հիմքով չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով՝ սխալված չեն լինի, եթե ասեն, որ ակցիզային հարկի կիրառման նպատակներից մեկն էլ հենց գների բարձրացումն է: «Ինչո՞ւ, որովհետև գների բարձրացումով պետությունը չի խրախուսում այս ապրանքատեսակների սպառումը՝ ծխախոտի և օղու»,- պարզաբանեց Միրումյանը:

Միրումյանը նաև հայտնեց, որ կառավարությունը դիզելային վառելիքի համար նվազեցնում է ակցիզային հարկի դրույքաչափը՝ 35 հազար դրամից դարձնելով  13 հազար դրամ: «Ինչո՞ւ, որովհետև դիզվառելիքի մասով մենք կրճատում ենք ավելացված արժեքի հարկից ազատվելու արտոնությունը: Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը դիզվառելիքը չի հարկում ԱԱՀ-ով, ինչը չի նպաստում տնտեսության այնպիսի ոլորտների գործունեությանը, ինչպիսիք են շինարարությունը, հանքարդյունաբերությունը, այն առումով, որ այդ ոլորտներում ծախսերի մեջ էական մաս է կազմում դիզվառելիքի սպառումը:  Դրա համար մենք առաջարկել ենք, որ դիզվառելիքի մասով ոչ թե դրույքաչափի բարձրացում լինի, այլ նվազեցում»,- հավելեց ՊԵԿ փոխնախագահը: Իսկ բենզինի և սեղմված գազի համար ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում:

Տեսականում և գործնականում հնարավոր է գների բարձրացում, բայց, Միրումյանի խոսքով, հնարավոր է դա իրականացվի համապատասխան մարժայի հաշվին, այսինքն՝ ուղղակիորեն չբերի գնաճի: «Բայց ես չեմ ուզում բացառել, որ ակցիզային հարկի բարձրացմամբ մի կողմից կբարձրանա տվյալ ապրանքի գինը, մյուս կողմից էլ դա կհանդիսանա որպես պետության եկամուտների գեներացման աղբյուր: Այսինքն՝ այսօր պետության եկամուտների համար այլ գեներացման աղբյուր, քան ակցիզային հարկն է, ես չեմ տեսնում»,- եզրափակեց ՊԵԿ փոխնախագահը:

Share