Բաժին. Տնտեսական

2015թ.-ին աշխարհը պատերազմների վրա ծախսել է $13.6 տրիլիոն

Համաշխարհային խաղաղության և անվտանգության տեսանկյունից 2015 թվականը որակվել է որպես չափազանց վատ տարի: «Համաշխարհային խաղաղության ինդեքս» (Global Peace Index) զեկույցի համաձայն՝ 2015 թվականին գրանցվել է պատմականորեն շարուակվող տարաձայնությունների և հակամարտությունների խորացում, ինչի արդյունքում ամբողջ աշխարհում փախստականների և հարկադիր միգրանտների հոսքը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, իսկ ահաբեկչության վտանգը մոտեցել է իր ամենաբարձր մակարդակին: Ավելին, 2015 թվականի ընթացքում պատերազմական իրավիճակների արդյունքում գրանցված մահացությունների թիվն աշխարհում ամենաբարձրն է՝ վերջին 25 տարվա կտրվածքով:

Զեկույցի հեղինակների հաշվարկներով՝ 2015 թվականին պատերազմների, հակամարտությունների ու տարաձայնությունների վրա ծախսվել են շատ մեծ գումարներ, որոնց տնտեսական ազդեցությունը գնահատվել է շուրջ $13.6 տրիլիոն: Ցուցանիշը հաշվարկելու համար վերլուծաբանները դիտարկել են ինչպես հակամարտությունների ֆինանսավորման և պատերազմական բնույթի ուղղակի ծախսերը, այնպես էլ անուղղակի ծախսերը, որոնք կապված են, մասնավորապես, անվտանգության ապահովման և բռնությունների դեմ պայքարի հետ: Հարկ է նշել, որ $13.6 տրիլիոն գումարը կազմում է գլոբալ ՀՆԱ-ի 13.3%-ը, և եթե այս գումարն ուղղվեր ոչ թե ռազմական, այլ այլ ուղղություններով, ապա գլոբալ տնտեսական զարգացումը կընթնա բոլորովին այլ կերպ:

Share