Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյան․ էլեկտրոնային շինարարական թույլտվությունների համակարգին անցնելը շատ ճիշտ որոշում է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ և ամբողջական իրավական միջավայր` հնարավորինս պարզեցված պայմաններով` փոխկապակցված կառուցապատվող օբյետի ռիսկայնության աստիճանի հետ: Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին: Նախատեսվում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի աշխատանքներում չներգրավել տարածքային բաժնի ներկայացուցչին: Ընդ որում, նշված օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին կարող է հիմնավորվել հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով: Հովիկ Աբրահամյանը կարևորելով ընդունված որոշումն ընդգծել է, որ էլեկտրոնային շինարարական թույլտվությունների համակարգին անցնելը շատ ճիշտ որոշում է: Վարչապետի խոսքով՝ ընդունված որոշմամբ նաև նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը:

Share