Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ գործարարների հետ

Հունիսի 11-ին Գլենդելում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը հայ համայնքի գործարարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են շուրջ 80 գործարարներ, համայնքային կազմակերպությունները ներկայացնող անդամներ: Հայկական պատվիրակության կազմում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը և ՀԲ Առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածի ծրագրի ղեկավար Գեղամ Գևորգյանը:

Մանրամասնությամբ ներկայացնելով Հայաստանի տնտեսության վիճակը` նախարար Մինասյանն անդրադարձել է նաև այն խնդիրներին, որոնց շուրջ Հայաստանի կառավարության աջակցությամբ և հանձնարարականներով փորձում են լուծումներ գտնել: Նման մարտահրավերներից նախարարը նշել է մենաշնորհների դեմ նոր ռազմավարության մշակումը, կոռուպցիայի նվազեցումը, ներկայացրել Հայաստանի ներդրումային քաղաքականության ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, այն ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում առևտրային և գործարար միջավայրի բարելավմանն ու համագործակցության խթանմանը: Անդրադառնալով Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը, Արծվիկ Մինասյանն իր խոսքում նշել է, որ այն նոր հնարավորություն  է տվել, որպեսզի նաև տարբեր երկրներից գործարարները, ներգրավվելով Հայաստանի տնտեսության մեջ` ելք ունենան դեպի 180 միլիոն բնակիչ ունեցող Եվրասիական տնտեսական միության շուկա:

– Մենք պետք  է օգտվենք այս հնարավորությունից: Ահա թե ինչու է ինձ համար, որպես նախարարի, սկզբունքային համահայկական ներուժի համախմբումը, իրացումը Հայաստանում: Կա կամք, որ արտահայտել է նաև ՀՀ նախագահը, և մեզնից պահանջվում է օգտվել այս պատմական հնարավորությունից:  Հավատացնում եմ ձեզ, որ իմ գործողություններում որպես Դաշնակցության առաջադրմամբ ներկայացված նախարար, չի եղել և չի լինելու նեղ կուսակցական շահ, իմ գործողությունների հիմքում ազգային միասնական շահի ապահովումն է, բոլորի համախմբումն է հայրենիքի տնտեսական զարգացման համար, – իր խոսքում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողություններն ու ոլորտի առջև ծառացած խնդիրները ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը` խոսելով հաջողված ծրագրերի, նաև ոլորտում առկա հնարավորությունների, նոր գործարար նախագծեր իրականացնելու հարթակների մասին:

Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Սփյուռքի գործարարների միջև համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, նշվել երկուստեք վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Լոս-Անջելեսում հայ համայնքի գործարարների հետ կազմակերպել էին Հայ-ամերիկյան գործարար խորհուրդն ու Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Share