Բաժին. Տնտեսական

Ժնևում կայացել է ԱՀԿ-ում Հայաստանի ստանձնած մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների առնչությամբ վերաբանակցությունների երկրորդ փուլը

Հունիսի 21-ից 23-ը Ժնևում կայացել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների փոփոխությունների շրջանակում ընթացող բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Հայաստանի բանակցային խումբը ղեկավարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:  Բանակցային խմբի կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ԵՄ և ԱՀԿ վարչության պետ Արթուր Մայսուրյանը և  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:  Բանակցային պատվիրակության կազմում ընդգրկված էին  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները: Բանակցություններին մասնակցել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:

Կայացել են հանդիպումներ ԱՀԿ յոթ անդամ երկրների  պատվիրակությունների հետ` ԵՄ, Կանադա, Թայվան, Շվեյցարիա, Բրազիլիա, Ճապոնիա, Ուկրաինա: Քննարկվել և բանակցվել են վերը նշված ԱՀԿ անդամ երկրների կողմից ներկայացված բանակցային հայտերի շրջանակում բարձրացված հարցերը, համապատասխան բանակցային ապրանքների ցանկերը, հնարավոր համապատասխան փոխհատուցումներին առնչվող առաջարկությունները և դրույթները, ինչպես նաև բանակցային գործընթացին առնչվող որոշ բովանդակային հարցեր:

Բանակցային փուլի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և ապագա հնարավոր հանդիպումների ժամկետների վերաբերյալ:

Share