Բաժին. Տնտեսական

Յուքոմ. անվճար անլար ինտերնետ՝ ՀՀ մի շարք գյուղերում

Հունիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող մի շարք գյուղերում «Յուքոմ» ընկերության կողմից անվճար անլար ինտերնետի տրամադրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Յուքոմ» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակում 2014 թվականին Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր, և մեկ տարի նշված գյուղերի բնակիչներին տրամադրվել է անվճար ինտերնետ: Ծրագրի իրականացման արդյունքում նշված վայրերում արձանագրվել է ինտերնետի օգտագործողների թվաքանակի աննախադեպ աճ: Բազմաթիվ են եղել դրական արձագանքները թե´ երիտասարդների, թե´ մեծահասակների կողմից, ինչն ավելի է խրախուսում Ծրագրի շարունակականության ապահովումը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համակարգմամբ:

Կարևորելով Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացումը, ինտերնետային հասանելիության ընդլայնումը ՀՀ տարածքում և հատկապես հանրապետության հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային գյուղերում, ինչպես նաև նշված գյուղերի բնակչությանն առաջիկայում ևս անվճար հիմունքներով ինտերնետից օգտվելու հնարավորության ընձեռումը` «Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հովանավորչական հիմունքներով Ծրագրում ներառված և ընկերության 3G ծածկույթում գտնվող գյուղական համայնքներում անլար երթուղիչ սարքերի միջոցով, անհատույց հիմունքներով, շարունակել ապահովել ինտերնետի տրամադրումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնելու` «Յուքոմ» ընկերության կողմից Ծրագրի շրջանակում իրականացվող հովանավորչական գործունեության մասին տարբեր հնարավոր հարթակներում հանրային իրազեկում ապահովելու համար:

Share