Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն

Հուլիսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Նախարարին ուղեկցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Շրջայց կատարելով ընկերությունում` նախարարը ծանոթացել է իրականացվող ծրագրերին, կարճատև մասնակցություն ունեցել ուսումնական գործընթացներից մեկին:

Ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը մանրամասնորեն ներկայացրել է կրթական ծրագրերը, մասնավորապես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ փոխգործակցությունը, ինչը հնարավորություն է  տալիս  հենց ընկերությունում կազմակերպել ուսումնական դասընթացները, այդպիսով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պատրաստի և հմուտ մասնագետներ կրթելով, որոնցից շատերն, ի դեպ, աշխատում են հենց ընկերությունում:

Շրջայցի ընթացքում Հովիկ Մուսայելյանը նախարարին է ներկայացրել գործունեության տարիների ընթացքում ընկերության կողմից արձանագրած ձեռքբերումներն ու հաջողությունները:

Շրջայցից հետո կայացել է քննարկում: Նախարար Մինասյանը նախ ներկայացրել է մանրամասներ հունիսի սկզբին ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՏՏ ոլորտի հանրահայտ ընկերություններ կատարած այցերից, այդ թվում` Սինոփսիս, IBM, Reddit, խոսել «Հայաստան. ՏՏ ֆորում»-ի շրջանակներում կայացած հանդիպումներից և ձեռք բերված պայմանավորվածություններից, այն ծրագրերից, որոնք կարող են համագործակցության նոր հորիզոններ բացել ՏՏ ոլորտի  հայկական ընկերությունների համար:

Այնուհետև անդրադարձ է եղել խնդրահարույց մի շարք հարցերի, այդ թվում, մասնագետների կրթության և վերապատրաստման ընթացքում առաջացող խոչըդոտներին, հանրակրթական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման ընդլայնման հնարավորություններին և բնագավառի հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

Share