Բաժին. Տնտեսական

Հրապարակվել է ՀԱԷԿ «սթրես-թեստի» հաշվետվությունը

Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է: 2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն դարձավ աշխարհում առաջատարը՝ իր պետություններում ԱԷԿ-ների ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատման՝ սթրես-թեստերի իրականացման ուղությամբ:

2015 թվականի օգոստոսին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանը ներկայացրեց «Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ գրասենյակից, փորձագիտական գնահատումը կատարվեց հունիսի 21-ից 22-ը Հայաստանում: 10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների  եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ:

Փորձագիտական գնահատման մանրամասներին կարող եք ծանոթանալ Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների  եվրոպական խմբի կայքէջում:

2011թ.-ի հունիսի 23-ին Հայսատանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը և Ուկրաինա  Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը    կամավորականության սկզբունքով ռիսկերի եւ անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես-թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝  հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի և Միջուկային անվտանգության կարգավորողների Եվրոպական խմբի միջև 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը:

Այդ ժամանակ Հայաստանը դեռևս պատրաստ չէր անմիջական մասնակցություն ունենալ ԵՄ միջուկային սթրես թեստթերին, ինչպես դա արեցին Ուկրաինան կամ Շվեյցարիան: Այնուամենայնիվ,  Եվրոպական հանձնաժողովի «Միջուկային անվտանգության համագործակության գործիքի» շրջանակներում  ֆինանսավորվող երկու ծրագրերի իրականացման շնորհիվ  Մեծամոր ԱԷԿ-ն ու ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն նախաձեռնեցին Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» իրականացման հետ կապված անվտանգության ինքնագնահատում՝  անկախ փորձագիտական գնահատման գործընթացի հետագա իրականացման մտադրությամբ:

Share