Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-ն ու Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ են աջակցել Հայաստան եկող եվրոպացի գործարարներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն պատրաստ են Հայաստանում եվրոպացի գործարարների համար բարենպաստ պայմաններ ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեցին նշյալ գերատեսչությունների ղեկավարները Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» ֆորումի ժամանակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ Հայաստանի ու Եվրամիության միջև առաջիկայում կնքվելիք շրջանակային համաձայնագիրը շատ հարցերի պատասխանը կտա: Նշյալ փաստաթղթի կիրառման արդյունքում ներդրումների ու առևտրի ոլորտում ոչ միայն ԵՄ արժեհամարկարգի ներթափանցումն է իրականանալու, այլև` Հայաստանի ակտիվության բարձրացումը ԵՄ շուկայում: «Ելնելով այն հանգամանքից, որ համախմբված բիզնես շահի ներկայացումը կարևորվում է տնտեսական քաղաքականության բոլոր ոլորտներում, և  կառավարության քաղաքականությունն է արդար խաղի կանոնների հաստատումը` վստահ կարող ենք ասել, որ պատրաստ ենք համագործակցել(եթե անհրաժեշտ է անգամ առանձին հուշագրով) ու իրականացնել այն ծրագրերը, որոնք կբերեն Հայաստանի տնտեսական բարեկեցության աճին, եվրոպական արժեքների ավելի ամրապնդմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը»,-ասաց նախարարը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հույս հայտնեց, որ անցկացվող միջոցառումը հարթակ կհանդիսանա հետագայում Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնման համար: «ՀՀ կառավարությունը մշտապես միջոցներ է ձեռնարկում Հայաստանում գործարարների համար թափանցիկ ու կանխատեսելի միջավայր ապահովելու նպատակով: Մեր կողմից  էլ նպատակաուղղված քայլեր են իրականացվում հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն ապահովելու ուղղությամբ: Վարչարարության արդարության, օրինականության պաշտպանությունը, տնտեսական միջավայ րի հավասարությունը, մեզ համար առաջնային սկզբունքներ են»,-հայտնեց պաշտոնյան: Խոսելով Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության մասին` Հովհաննես Հովսեփյանը նկատեց, որ դա նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն  Հայաստանի, այլև այն երկրների համար, որոնք համագործակցում են մեր ՀՀ հետ:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման լայնածավալ ծրագիր է իրականացվում, որի արդյունքում Հայաստանի հյուսիսային սահմանակետերը համապատասխանելու են միջազգային չափանիշներին: Դա բերելու է նրան, որ մարդկանց, ապրանքների միջսահմանային շարժը դառնալու է ավելի արդյունավետ: «Ուզում եմ հավաստիացնել, որ ՊԵԿ-ը պատարստ է և հարկային, և մաքսային ոլորտներում առկա խնդիրների քննարկմամբ ճիշտ լուծումների գնալ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներին», – ասաց նա:

Share