Բաժին. Տնտեսական

Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը հաստատվել է Իրանի կառավարության կողմից

Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: Իրանի նախարարական կաբինետի անդամները նախագահ Հասան Ռոուհանիի գլխավորությամբ հավաքվել են հուլիսի 10-ին:

Կաբինետի կայացրած որոշմամբ` մուտքի արտոնագիր այլևս չի գործի դիվանագիտական և սովորական անձնագիր, ինչպես նաև ճանապարհորդական փաստաթուղթ ունեցող ՀՀ և Իրանի քաղաքացիների համար:

Ավելի վաղ` հունիսի 16-ին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել էին համաձայնագիր երկու պետությունների միջև վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ: Այսպիսով, համաձայնագիրը, որը հավանության էր արժանացել Հայաստանի կառավարության կողմից, հուլիսի 10-ին հավանության է արժանացել նաև Իրանի կառավարության կողմից:

Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմի հաստատումը նպատակ ունի նպաստելու երկկողմ կապերի ամրապնդմանը, խորացնելու երկկողմ առևտուրը, ինչպես նաև զարգացնելու տնտեսական հարաբերությունները:

Հայաստանի և Իրանի քաղաքացիները, ովքեր ունեն սովորական կամ դիվանագիտական անձնագրեր, կարող են մյուս երկրում մնալ առավելագույնը 90 օր:

Share