Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյան. հրապարակվելու են բոլոր ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ներդնել էլեկտրոնային համակարգ, որով կհրապարակվեն բոլոր ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

«Մենաշնորհների հետ կապված վարչապետի հանձնարարությունը եղել է մի քանիսը: Վերջինը կապված է 15 ապրանքային շուկաներում գործողությունների իրականացման և հուշաթերթերի պատրաստման մասին: Այդ աշխատանքներն ավարտված են և արդյունքներն ուղարկվել են գերատեսչություններին, կառավարությանը: Առաջիկայում բոլոր այդ ապրանքատեսակների մասով կհրապարակվեն ներմուծման ամբողջ ընթացակարգերը: Բայց մենք առաջարկել ենք երկարաժամկետ ծրագիր: Այն է,  բոլոր ապրանքատեսակների մասով ստեղծում ենք էլեկտրոնային համակարգ, որով ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա որևէ ապրանքի մասով մուտքագրել այդ ապրանքի կոդը կամ անվանումը և պարզել բոլոր ընթացակարգերը՝  ժամկետներով, պատասխանատուներով, բողոքարկման համակարգով  և այլն»,-ասաց նախարարը: Նրա խոսքով, դա կվերաբերի ոչ միայն ներմուծմանը, այլև՝ արտահանմանը: Այսինքն՝  կներդրվի ամբողջական էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին ու քաղաքացիներին ավելի տեղեկացված լինել:

Հարցին, թե մենաշնորհային դիրք ունեցողների անուններ կհրապարակվեն, Արծվիկ Մինասյանը նշեց, թե երբ խոսում են ոլորտների մասին, անուններ հրապարակելն անիմաստ է դառնում:

«Անունները դուք ինձնից շատ լավ գիտեք, տնտեսական քաղաքականությունը վերածել նեղ, փոքր, խմբային, անձնական մոտեցումների ես պատրաստ չեմ, քանի որ իմ գլխավոր խնդիրը, որպես էկոնոմիկայի նախարարի, կառավարությանը համակարգային լուծումներ առաջարկելն է ոլորտներն ամբողջական ազատականացնելու ուղղությամբ»,-ասաց նախարարը:

Share