Բաժին. Տնտեսական

Ադրբեջանի ՀՆԱ-ն 6 ամսում կրճատվել է մոտ 10 մլրդ դոլարով

Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 2016 թվականի առաջին կեսին 9,7 մլրդ դոլարով նվազել է: Այդ կորուստների 70 տոկոսն ընկնում է ոչ նավթային բնագավառների բաժնեմասին: Նման վիճակը ի չիք է դարձնում ոչ նավթային հատվածի ապագայի հետ կապված բոլոր հույսերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը:

Նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին այդ ցուցանիշի կորուստը կազմել էր 8,3 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հերթական ամսում Ադրբեջանի ընդհանուր կորուստներն ավելի շատանում են:

«Ավելի շատ կորուստ տալու գործում Ադրբեջանն առաջ է անցել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ Միջին Ասիայի երկրներից: Չպետք է մոռանալ, որ անցյալ տարի Ադրբեջանը ՀՆԱ-ի գծով 22 մլրդ դոլար կորուստ է գրանցել: Այսպիսով, միլիարդավոր դոլար եկամուտներից զրկված ադրբեջանական տնտեսությանը լավ հեռանկար չի սպասում»,- Facebook-ի իր էջում գրել է Նեմաթ Ալիեւը:

Fins.az լրատվական կայքը հայտնել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 7,868 մլրդ դոլար, ինչն այդ երկրի Մաքսային կոմիտեի համաձայն` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 28,05 տոկոսով ցածր է:

Այս տարվա առաջին կեսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 38,67 տոկոսով նվազել է Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 13,98 տոկոսով:

2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանի արտաքին առեւտրում բացասական հաշվի մնացորդը կազմել է 225 մլն 770 հազար դոլար:

«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել է, որ ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի կողմից արդյունահանվել է 512 հազար խոր.մ գազ, ինչը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 10,3 տոկոսով ցածր է: Նշել է, որ այս տարվա մայիսի հետ համեմատ, SOCAR-ը հունիսին 4,4 տոկոսով պակաս գազ է արդյունահանել:

Թերթը նաեւ հայտնել է, որ 2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանում բոլոր գազ արդյունահանող ընկերությունների կողմից, անցյալ տարվա նույն ժամանակաշարջանի համեմատ, 1,8 տոկոսով պակաս գազ է արդյունահանվել:

ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին հաղորդել է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից: Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը, մայիսի համեմատ, 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:

Share