Բաժին. Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են սոցիալական փաթեթի հանգստի ապահովմանն առնչվող խնդիրները

Ի կատարումն ՀՀ կառավարության հուլիսի 7-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարականի, այն է` լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը՝  նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության արդյունավետության բարձրացման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել ՀՀ կառավարություն, հուլիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է սոցիալական փաթեթի հանգստի ապահովմանն առնչվող խնդիրներին նվիրված  քննարկում:

Քննարկումն անցկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Քննարկմանը մասնակցել են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցող շուրջ 80 զբոսաշրջային ընկերությունների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:

Նախարարն իր ներածական խոսքում նշել է, որ ՀՀ կառավարության կողմից սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչի կիրառման նպատակն է հանրային ծառայողների հանգստի համակարգված և արդյունավետ կազմակերպումը` միաժամանակ խթանելով Հայաստանում և Արցախում ներքին զբոսաշրջության զարգացումն ու նպաստելով ոլորտը սպասարկող կազմակերպությունների գործունեությանը: Սակայն այն, ինչին ականատես ենք լինում, ըստ էության շեղում է հիմնական նպատակից: 

Արծվիկ Մինասյանը հորդորել է քննարկման մասնակիցներին ներկայացնել իրենց աշխատանքում առկա խնդիրները և տալ առաջարկություններ ոլորտում չարաշահումները բացառելու և գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Նա հավաստիացրել է, որ նախարարությունը մանրամասն կուսումնասիրի բոլոր առաջարկությունները, որոնք հաշվի կառնվեն, և կառավարություն կներկայացվի միասնական փաստաթուղթ` նախապես քննարկելով ոլորտի ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպմանը:

Սոցիալական փաթեթի հանգստի սպասարկումն իրականացվող կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են ինչպես մասնավոր, այնպես էլ ընդհանուր խնդիրների մասին, մատնանշել նաև օրենսդրական խնդիրները:

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է իր դիտարկումները, որոնք մասամբ համընկել են հնչեցված առաջարկություններին և ավելացրել, որ նախարարությունը պատրաստ է նաև լսելու նոր գաղափարներ:

Հանդիպման ավարտին նախարարը նշել է, որ նման քննարկումները  հաճախակի են լինելու և ավելացրել, որ խստացվելու են մոտեցումները, անբարեխիղճ տնտեսվարողները ենթարկվելու են պատասխանատվության, միևնույն ժամանակ կարևորել ինքնակարգավորման և համագործակցության համակարգը:

Մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ընդունելով նախարարի մոտեցումը, հաստատել են, որ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման բաղադրիչը կարևոր դեր ունի թե՛ հանրային ծառայողների հանգստի ապահովման, և թե՛ Հայաստանում ու Արցախում ներքին զբոսաշրջության զարգացման (ներառյալ ոլորտում ներդրումների խթանման) գործընթացներում:

Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է գտնել առկա խնդիրների համատեղ լուծում, որպեսզի չդադարեցվի սոցիալական փաթեթի հանգստի ապահովման բաղադրիչը և պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել այս ուղղությամբ:

Մենք պետք է Ձեզ հետ միասին ապացուցենք, որ այս համակարգը կարող է արդյունավետ աշխատել, – ասել է Արծվիկ Մինասյանը:

Share