Բաժին. Տնտեսական

Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր՝ ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև

Հուլիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնական պատվիրակությանը` ԱՄԷ ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ-Խուրիի գլխավորությամբ:

ԱՄԷ պատվիրակության կազմում էին ԱՄԷ ֆինանսների նախարարության Միջազգային ֆինանսական հարաբերությունների վարչության պետ Մաջիդ Ալի Օմրանը, տնտեսական գծով փորձագետ Համիդ Նասսերը, ԱՄԷ արտաքին գործերի նախարարության դեսպան Ալի Սաիֆ Սուլթանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ներկա էին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, հստակեցրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները և նախանշել առաջիկա անելիքները:

Հանդիպումից հետո, ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ-Խուրին:

Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Այն ներառում է հոդվածներ ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

Ներկայումս Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր շուրջ 41 երկրների հետ:

Նման երկկողմ համաձայնագրերը հնարավորություն են ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը՝ յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորելով լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

Ստորագրման արարողությունից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունիս Հաջի ալ-Խուրին պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Share