Բաժին. Տնտեսական

Մեկնարկել է ԵՀԳԳ-ի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության նոր ծրագիրը

Հուլիսի 26-ին Երևանում կայացել է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020թթ. Ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողով:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ծրագրի ղեկավար Ջոն Բարկերը:

Աշխատաժողովին ներկա էր Ռումինիայի տարածքային զարգացման և հանրային կառավարման նախարարության ներկայացուցիչ Էուջենիա Ստանչիուն, ով հանդիսանում է Ծրագրի կառավարման մարմնի պատասխանատուն: Տեղեկատվական աշխատաժողովին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ մարզպետարանների և քաղաքապետարանների, ՀՀ հասարակական կազմակերպությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, մշակութային և հնագիտական ասոցիացիաների, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունների, հատուկ պահպանվող տարածքների, հետազոտական հաստատությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անդրսահմանային համագործակցության նոր ծրագիրն ունի երկու առաջնային նպատակ. 1) խթանել Սևծովյան ավազանում գործարարության և ձեռնարկատիրության զարգացմանը (համատեղ նպաստել զբոսաշրջության և մշակութայնի ոլորտներում բիզնեսի և ձեռներեցության զարգացմանը, բարձրացնել միջսահմանային առևտրի հնարավորությունները և գյուղատնտեսական և հարակից ոլորտների արդիականության մակարդակը) և 2) խթանել Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանության համակարգումը և ծովային աղբի արտանետման համատեղ նվազեցումը (բարելավել շրջակա միջավայրի համատեղ մոնիտորինգի արդյունքները, խթանել ընդհանուր իրազեկվածության բարձրացումը և մշակել գետերի ու ծովային աղբի նվազեցմանն ուղղված համատեղ գործողություններ):

Ծրագրի մասնակից երկրներն են. Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 54 մլն եվրո:

Աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվել է Ծրագրի կառավարման համակարգը, Ծրագրի ներքո իրականացվող ծրագրերի հայտադիմումների փաթեթների ձևաչափերը և բովանդակությունը, գործընկերների դերն ու պարտականությունները, հիմնական պահանջները, Ծրագրի մեկնարկի առանցքային կետերը, իրականացման կարգը և Ծրագրին առնչվող մի շարք այլ հարցեր:

Մասնավորապես միջոցառման մասնակիցների ուշադրությանը և քննարկմանն են ներկայացվել Ծրագրի շրջանակներում խորհրդատվության տրամադրման, դասընթացների կազմակերպման, գործընկերային հարաբերություններ ստեղծելու, միջսահմանային համագործակցության հնարավորությունները:

Հուլիսի 25-ին անդրսահմանային համագործակցության նոր ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողով է կազմակերպվել Գյումրիում:

Share