Բաժին. Տնտեսական

Հայկական Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի միջոցառումները կավարտվեն մինչև տարեվերջ

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։ Ներկայումս դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։

Առաջին փուլում իրականացվել են ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի եւ բաղադրիչների հետազոտություններ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մշակվել է 97 տեխնիկական առաջադրանք։ Սահմանված կարգով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդը հավանություն է տվել 26 մրցութային փաթեթի: ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների հաստատմանն են ներկայացվել կողմերի լիազորված կազմակերպությունների միջև կնքված չորս  համաձայնագրեր։  

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը։ Այդ ընթացքում նախատեսվում է ձեռք բերել և տեղադրել նոր սարքավորումներ, ինչպես նաև կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ։ Միաժամանակ կիրականացվեն մի շարք կարևոր միջոցառումներ՝ նախագծային և շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ 

Նշենք նաև, որ 2016թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում, բացի բուն աշխատանքներից, նախատեսվում է կատարել նաև ռեակտորային տեղակայանքի սարքավորումների և խողովակագծի գործիքային զննում, որը հնարավոր չէ իրականացնել կայանի աշխատանքի ընթացքում:

Share