Բաժին. Տնտեսական

Հայաստանում կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների տարեկան համաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 1-4-ը կանցկացվի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների տարեկան համաժողովը:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ համաժողովի մասնակիցներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցելու Արենի գինու 7-րդ ավանդական փառատոնին, որն անց է կացվելու  հոկտեմբերի 2-ին Ռինդ գյուղում և հոկտեմբերի 3-ին Արենի գյուղում:

«Երբ նոր էինք նախաձեռնում փառատոնները դեռեւս  2009 թվականին, մեր նպատակն էր այս փառատոնները դարձնել ավանդական, ամենամյա, եւ ամենակարեւորը` գրավիչ թե′ ներքին, թե′ արտաքին շուկայի համար: Այժմ տուրիստական գործակալությունները ներառում են փառատոնները իրենց առաջարկների մեջ,  գինու, խորովածի եւ այլ փառատոններին հատուկ մասնակցելու համար զբոսաշրջիկները գալիս են Հայաստան: Եթե մենք կարողանանք այս միջոցառումները ճիշտ կազմակերպել, լավ լուսաբանել, ապա անպայման կնպաստենք թե′ համայնքային զբոսաշրջության զարգացմանը, թե′ ընդհանրապես հայաստանյան զբոսաշրջության արդյունքի մրցունակության բարձրացմանը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նա նաեւ փոխանցեց, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է անցկացնել նաեւ Խորովածի, Մշակութային վերածնունդ, Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնները:

Share