Բաժին. Տնտեսական

Հայաստանի անշարժ գույքի շուկան. 2016թ. հունվար-հունիս

Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքվել է 82 հազար 783 գործարք: Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների շուրջ 36%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Այս մասին վկայում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակած տվյալները՝ 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գրանցված ցուցանիշների վերաբերյալ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հունվար-հունիս ամիսներին անշարժ գույքի շուկայի ակտիվությամբ առանձնացել են նաև Կոտայքի մարզը՝ 11%, Լոռու մարզը՝ շուրջ 8%, Արարատի մարզը՝ 7%, և Արմավիրի մարզը՝  7%: Միևնույն ժամանակ, Շիրակի մարզին բաժին է ընկել հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 6.5%-ը, Գեղարքունիքի մարզին՝ 6.5%-ը:  Սյունիքի մարզում ցուցանիշը կազմել է 6%, Արագածոտնի մարզին՝ 5%-ը, Տավուշին՝ 4%-ը, Վայոց Զորին՝ 3%-ը:

Հաշվետու ամիսներին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 26%-ը կազմել են օտարման գործարքները, 12%-ը` առաջնային գրանցման, 11%-ը՝ ժառանգության, 11%-ը՝ գրավադրման, 5%-ը՝ վարձակալության:

Նշենք նաև, որ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ այս տարվա առաջին կեսին անշարժ գույքի շուկայում գրանցվել է անկում: 2015 թվականի հունվար-հունիսին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էր 83 հազար 548 գործարք:

Share