Բաժին. Տնտեսական

Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները շարունակում են կրճատվել

Ընթացիկ տարին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի համար այնքան էլ «բարենպաստ» չէ: Հունվար-հունիս ամիսներին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները գրանցել են եկամուտների անկում, ինչը մեծապես պայմանավորվել է բջջային ծառայությունների շուկայի կրճատմամբ:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա առաջին կեսին հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կազմել են 71.41 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 6%-ով:

Հաշվետու ամիսներին հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը՝ շուրջ  40 մլրդ ՀՀ դրամը, ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 12%-ով: Միևնույն ժամանակ, ինտերնետ հասանելիության ծառայություններից եկամուտները կազմել են 16,12 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով մոտ 3%-ով:

Նշենք, որ հունվարին հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կազմել են 11,61 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 10,84 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 12,59 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 12,08 մլրդ ՀՀ դրամ, մայիսին՝ 11,95 մլրդ ՀՀ դրամ, իսկ հունիսին՝ շուրջ 12.3 մլրդ ՀՀ դրամ:

2015 թվականին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 160 մլրդ 158.3 մլն ՀՀ դրամի հասույթ: 2014 թվականին գրանցված ցուցանիշի համեմատ՝ հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել էին շուրջ 7%-ով:

Share