Բաժին. Տնտեսական

60% անկում. Հայաստանից Չինաստան արտահանումը կրճատվել է

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը կազմել է 181.34 մլն մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է ավելի քան 20%-ով, ինչը բացառապես պայմանավորվել է Հայաստանից Չինաստան արտահանման անկմամբ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 36.77 մլն ԱՄՆ դոլար, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝  144.57 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ Հայաստանից Չինաստան արտահանումը նվազել է 60%-ով, իսկ Չինաստանից Հայաստան ներմուծումը՝ աճել մոտ 3%-ով:

Արդյունքում, Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է մոտ 4.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 9.9%:

Share