Բաժին. Տնտեսական

Ադրբեջանի եկամուտները 2016թ. հունվար-հուլիս ամիսներին նվազել են 12 մլրդ դոլարով

2016 թվականի 7 ամսվա ցուցանիշների համաձայն` Ադրբեջանի տնտեսության մեջ մեծ հետընթաց է գրանցվել. երկրի ընդհանուր տնտեսական եկամուտները 12 մլրդ դոլարով նվազել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azadlig.info լրատվական կայքը, facebuk-ի իր էջում հայտնել է ադրբեջանցի ճանաչված տնտեսագետ Նեմաթ Ալիեւը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին:

«2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանի ընդհանուր եկամուտները, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 12 մլրդ դոլարով կամ 37 տոկոսով նվազել են: Կորուստների 68 տոկոսը տեղի է ունեցել ոչ նավթային հատվածում», -նշել է նա:

«Ադրեջանի Վիճպետկոմի հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին ՀՆԱ-ի արտադրանքը ոչ նավթային հատվածում պակասել է 40 տոկոսով, իսկ նավթային հատվածում` 30 տոկոսով», – գրել է Նեմաթ Ալիեւը:

«Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը, հայտնել է, որ Ադրբեջանի պետական բյուջեն 2016 թվականի 7 ամիսների կտրվածքով կատարվել է 1,2 մլրդ մանաթ (մոտ 600 մլն դոլար) ճեղքվածքով, Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառությունը 50 տոկոսով նվազել է, վերջին երեք ամիսներին Ադրբեջանի բյուջեի եկամուտները 45 տոկոսով նվազել են, Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 տոկոսով կրճատվել է, Ադրբեջանում 8 բանկ սնանկ է ճանաչվել:

Թերթը նաեւ հայտնել է, որ 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին Բաքվի ֆոնդային բորսայի ընդհանուր շրջանառությունը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 3.2 անգամ նվազել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի արդեն մոտ 200 տոկոսով արժեզրկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:

Share