Բաժին. Տնտեսական

Տնտեսական ճգնաժամ Ադրբեջանում. բնակչության եկամուտները նվազել են ավելի քան 7.5 մլրդ դոլարով

Ադրբեջանում անցյալ տարվանից սկսված տնտեսական ճգնաժամի հետեւանքով բնակչության եկամուտների գծով կորուստներն անցել են 7,5 մլրդ դոլարը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Facebook-ի իր էջում գրառել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը:

«Հունվար-հուլիս ամիսներին նվազումը գերազանցել է 31 տոկոսը: Ընթացիկ տարվա վերջին այդ ցուցանիշի գծով մոտ 13 մլրդ դոլար կորուստ է սպասվում: 2015 թվականին, 2014 թվականի համեմատ, բնակչության եկամուտները պակասել էին 9,7 մլրդ դոլարով կամ 19 տոկոսից ավելի: Այսինքն, 2016 թվականի առաջին 7 ամիսներին դրամական եկամուտների գծով նվազումը 19 տոկոսից հասել է 31 տոկոսի, ինչը կազմում է 7,5 մլրդ դոլար», -նշել է ադրբեջանցի տնտեսագետը:

Նեմաթ Ալիեւը` հղում կատարելով Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեին, նաեւ նշել է, որ 2016 թվականի 7 ամիսների ցուցանիշների համաձայն` Ադրբեջանի տնտեսության մեջ մեծ հետընթաց է գրանցվել. երկրի ընդհանուր տնտեսական եկամուտները 12 մլրդ դոլարով նվազել են:

«Ադրբեջանի Վիճպետկոմի հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին ՀՆԱ-ի արտադրանքը ոչ նավթային հատվածում պակասել է 40 տոկոսով, իսկ նավթային հատվածում` 30 տոկոսով», -գրել է Նեմաթ Ալիեւը:

«Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը, հայտնել է, որ Ադրբեջանի պետական բյուջեն 2016 թվականի 7 ամիսների կտրվածքով կատարվել է 1,2 մլրդ մանաթ (մոտ 600 մլն դոլար) ճեղքվածքով, Ադրբեջանի արտաքին առեւտրի շրջանառությունը 50 տոկոսով նվազել է, վերջին երեք ամիսներին Ադրբեջանի բյուջեի եկամուտները 45 տոկոսով նվազել են, Ադրբեջանի ՀՆԱ-ն 3 տոկոսով կրճատվել է, Ադրբեջանում 8 բանկ սնանկ է ճանաչվել:

Թերթը նաեւ հայտնել է, որ 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին Բաքվի ֆոնդային բորսայի ընդհանուր շրջանառությունը, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 3.2 անգամ նվազել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի արդեն մոտ 200 տոկոսով արժեզրկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:

Share