Բաժին. Տնտեսական

Տրանսպորտի և կապի նախարարություն․ քննարկում՝ լիցենզիաների տրամադրման գործընթացի պարզեցման վերաբերյալ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ  լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։

Աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության  Լիզենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը նշեց, որ աշխատանքային խմբի նպատակն է  ՀՀ կառավարության «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված՝  տրամադրվող լիցենզիաների պահանջների պարզեցումը։

Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան վարչությունների, այնպես էլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 15-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնի տրանսպորտի և կապի ոլորտում լիցենզիաների տրամադրման չափանիշների ու պայմանների  վերանայման ու հստակեցման, ոլորտի օրենսդրական պահանջների հնարավոր կրճատման և գործող մեխանիզմների պարզեցման վերաբերյալ առաջարկություններ:

Քննարկման ընթացքում նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ըստ լիցենզիաների տեսակների ներկայացրեց առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ներկայում իրականացվող միջոցառումները։ 

Ելույթներով և առաջարկություններով հանդես եկան «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը, Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և այլք:

Քննարկման վերջում աշխատանքային խմբի անդամները պայմանավորվեցին հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերի 9-ին, որի  ընթացքում կներկայացվեն համապատասխան առաջարկություններ՝ օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Share