Բաժին. Տնտեսական

Հայ-չինական առևտրատնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Պեկինում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում օգոստոսի 22-ին կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որը նախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են ՀՀ և ՉԺՀ միջև գյուղատնտեսության, երկկողմ առևտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, զբոսաշրջության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, նորարարական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ամփոփել են վերջին տարիներին ձեռքբերված համաձայնությունների և ընդունված որոշումների շրջանակներում երկկ ողմ համագործակցության և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքները։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Հարությունյանը և Ծյան Քըմինը ստորագրել են նիստի արձանագրությունը։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի է ունենալու 2017թ. Պեկինում:

Share