Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյան. այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է արտահանման պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 168 մլն դոլար

Հայաստանի անկախության պատմության ընթացքում այս տարվա առաջին կիսամյակում արտահանման առումով արձանագրվել է պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 168 մլն դոլարի:

«Այսպիսի ցուցանիշ, զուտ ֆիզիկական ցուցանիշ, պատմականորեն մենք չենք ունեցել վերջին 10 տարիների կտրվածքով: Ամենամեծը եղել է 143 մլն դոլար, եթե չեմ սխալվում, 2013 թվականին: Փաստորեն, մենք այս տարվա առաջին կիսամյակում այդ ցուցանիշից շուրջ 25 մլն դոլարով ավելի արտահանման ծավալներ ենք ունեցել: Սա լավատեսություն է ներշնչում, որովհետև եթե ԵԱՏՄ անդամակցության առաջին ժամանակահատվածում անորոշությունը շատ էր, ապա հիմա աստիճանաբար հաղթահարվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ-ում ՀՆԱ-ի 10 տոկոս աճի մասին հայտարարությունները:

Մինասյանի խոսքով՝ առաջիկայում ակնկալվում է, որ արտահանման աճի տեմպերը դեպի ԵԱՏՄ երկրներ էլ ավելի կաճեն:

«Կա՞ զարգացման տեղ` միանշանակ: Մենք դեռ բազմաթիվ հնարավորություններ ունենք այստեղ, որ պետք է կիրառենք՝ չմոռանալով ԵԱՏՄ-ից դուրս երրորդ երկրների հետ մեր հարաբերությունները, հատկապես ԱՄՆ-ի»,- ասաց նախարարը:

Share