Բաժին. Տնտեսական

Գյուղտեխնիկայի միջոցով մատուցված ծառայությունների գները որոշակիորեն նվազել են

ՀՀ կառավարության կողմից իրականացվող  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում  Ճամբարակ քաղաքին տրամադրվել են 5 միավոր գյուղտեխնիկա եւ 5  տարբեր գործողություն իրականացնող գյուղգործիքներ, որոնց շնորհիվ այս տարի ճամբարակցիները հնարավորություն ունեցան  խոտհունձը կատարել  ավելի արդյունավետորեն եւ մատչելի գներով: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Ճամբարակ քաղաքի նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվին  տրամադրված  տրակտորները  եւ գյուղգործիքները  նպաստավոր  են նրանով, որ անցած տարվա համեմատ գյուղտեխնիկայի մատուցած ծառայությունների գները որոշակի նվազել են: «Անցած տարի 1 հակ խոտը կապվում էր 140-150 դրամով, իսկ այս տարի կոոպերատիվի կողմից սահմանվել է 100 դրամ, ինչը մեծ օգուտ է գյուղացիական տնտեսություններին: Եթե մենք կարողանանք հաջորդ տարի ձեռք բերել նաեւ հնձելու եւ հավաքելու համար բավարար տեխնիկա, կկարողանանք նաեւ այդ ուղղությամբ թելադրել մատչելի  գներ: Եվ այս դեպքում ճամբարակցին մեկ հեկտարի հաշվով կշահի 3-4 հազար դրամ:  Ինչ խոսք, ձեռք բերված տեխնիկան  նկատելիորեն կարող է նպաստել   անասնագլխաքանակի աճին»,- նշեց  Յուրա Ավալյանը:

Բերքահավաքի մատչելի գների առնչությամբ իրենց գոհունակությունն են հայտնում նաեւ ճամբարակցիները. «Ունեցել եմ 500-ից ավել հակ խոտ, մարդիկ  կապել են, 100 դրամով հաշվարկել, ու ես նախորդ տարվա համեմատ  պակաս եմ վճարել 25 հազար դրամ, ինչը իմ տնտեսության համար մեծ օգուտ է: Այս սարքավորումները շատ անհրաժեշտ էին Ճամբարակին, որ մի 10-ն էլ լինի՝ ավելի լավ կլինի: Կխնդրեինք  ՀՀ կառավարությանը, Ճամբարակում  լուծել նաեւ հացահատիկահավաք կոմբայնի խնդիրը: Եթե մենք հույս ունենանք, որ  բերքը նորմալ կհնձենք, ապա անպայման կցանենք մեր արտերը»,- հավաստիացրեց ճամբարակցի Արտուշ Թորոսյանը: Ըստ քաղաքապետի՝ խոտի բերքահավաքը ճամբարակում ավարտվել է մոտ 80 տոկոսով, եւ կուտակված անասնակերը միանգամայն բավարար կլինի անասունների մսուրային շրջանի համար: Նույն աղբյուրի համաձայն՝ Ճամբարակ քաղաքի տնտեսություններում այժմ պահվում է մոտ 4 000 խոշոր, 3 000 մանր եղջերավոր անասուն:

Share