Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանից մեկնել է շուրջ 470 հազար մարդ

2016 թվականի առաջին կեսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 470.69 հազար մարդ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 1.2%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված պաշտոնական վիճակագրությունից՝ Հայաստանից մեկնողների 86%-ը որպես մեկնման նպատակ նշել է հանգիստն ու ժամանցը, շուրջ 7%-ը մեկնել է գործնական նպատակով:

Նշենք, որ 2015 թվականի ընթացքում զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել էր 1 մլն 187,36 հազար մարդ:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share