Բաժին. Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ  էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսական համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Դորիթ Քեմփայի և նորանշանակ աշխատակիցների հետ:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի տնտեսական համագործակցության ընկերությանը Հայաստանում իրականացվող շարունակական ծրագրերի համար: Աննե Դորիթ Քեմփան իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ներկայացրել իր  նոր կոլեգաներին` Վիլհելմ Հյուգոյին, ով կղեկավարի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմը և Էվա Մարի Նայեհերին, ով կղեկավարի «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը» ծրագիրը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրերը:

Արծվիկ Մինասյանը կարևորել է դրանց իրականացման ընթացքում ժամկետների պահպանումը, նշել նախարարության կողմից բարձր պատասխանատվությամբ գործընթացների իրականացման պատրաստակամությունը: Նախարարը մանրամասնել է նախատեսվող միջոցառումները և դրանց արդյունքային շրջանակը` հույս հայտնելով արդյունավետ աշխատանքի շարունակականության և դրա` հրապարակային, հանրությանը տեսանելի լինելու արդյունքների համար:

Մտքեր են ծավալվել 2017-2020թթ. ծրագրային մի շարք հնարավոր ուղղությունների, այդ թվում, սիրիահայերի տնտեսական ինտեգրման, ԵՄ կողմից ֆինանսավորվող մասնավոր հատվածի զարգացում և մի շարք այլ ուղղություններով աշխատանքների շարունակականության ապահովման շուրջ:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և տեսանելի արդյունքներին միտված աշխատանքի հանձնառությունը:

Share