Բաժին. Տնտեսական

Անդրեյ Պյատախին. Հայաստանում Beeline-ը գործում է բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն

Հայաստանում Beeline-ը գործում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, և Հայաստանի տարածքում ռուսական RuTracker կայքի արգելափակումը պայմանավորված է եղել զուտ տեխնիկական գործոններով: Ռուսաստանի պետական կառույցների կողմից ընդունվող որոշումները որևէ կերպ չեն անդրադառնում Հայաստանի տարածքում Beeline-ի գործունեության վրա:

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` անդրադառնելով մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում լայն արձագանք գտած դեպքին, երբ Ռուսաստանի տարածքում RuTracker հարթակի արգելափակման արդյունքում «տուժել էին» նաև Beeline ընկերության ինտերնետ ծա­ռայություններից օգտվող հայաստանյան օգտատերերը: Կայքը որոշ ժամանակով արգելափակվել էր նաև Հայաստանի տարածքում:

Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Անդրեյ Պյատախինը պարզաբանել է, որ հայաստանյան օգտատերերը որոշ ժամանակ չեն կարողացել մուտք գործել RuTracker կայք զուտ տեխնիկական խնդիրների պատճառով: Beeline ընկերությունը համագործակցում է ռուսական ինտերնետ պրովայդերների հետ, և չնայած վերջիններիս հետ ձեռքբերված համապատասխան համաձայնագրերում ամրագրված է, որ հայ օգտատերերը կարող են ստանալ ռուսական ցանցի ցանկացած ռեսուրս, այդ թվում՝ նաև Ռուսաստանում արգելվածները, երբեմն դրա ապահովումը պահանջում է ժամանակ: Որոշ պրովայդերներ պարզապես չեն կարողանում արագ իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները:

Share