Բաժին. Տնտեսական

Ի՞նչ է Հայաստանն արտահանում

Մեր երկրի արտահանման կառուցվածքն ունի խիստ կենտրոնացվածություն: Արտահանման կառուցվածքում գերակշռում է 3 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ: Այս երեք ապրանքախմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի շուրջ 70%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են  969,01 մլն ԱՄՆ դոլար: Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանք է (26.6%): Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը արտահանման ծավալներում կազմել է 21.3%, իսկ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը` 21.1%:

Մյուս երկու ապրանքախմբերը, որոնց արտահանման ծավալները գերազանցել են 50 մլն ԱՄՆ դոլարը, ոչ թանկարժեք մետաղներն ու մանածագործական իրերն են: Արտահանման ընդհանուր կառուցվածքում ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 12.3%, իսկ մանածագործական իրերի մասնաբաժինը՝ մոտ 5.6%:

Վերը նշված 5 ապրանքախմբերին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկել Հայաստանի արտահանման ավելի քան 85%-ը:

Share