Բաժին. Տնտեսական

Մեր երկիրը միջազգային կազմակերպություններին և գործընկեր-երկրներին պարտք է 4 մլրդ 470 մլն դոլար

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքը կազմել է 4 մլրդ 470.38 մլն ԱՄՆ դոլար:  

Հայաստանի արտաքին պետական պարտքի ավելի քան 66%-ը կազմել են բազմակողմային վարկային ծրագրերը: Մասնավորապես, Համաշխարհային բանկին բաժին է ընկել մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքի 37.5%-ը կամ շուրջ 1 մլրդ 674.63 մլն ԱՄՆ դոլար: Արժույթի միջազգային հիմնադրամի մասնաբաժինը մեր երկրի արտաքին պարտքի ընդհանուր ծավալում կազմել է 9.5% (426.30 մլն ԱՄՆ դոլար), Ասիական զարգացման բանկի մասնաբաժինը՝ 9.6% (429.23 մլն ԱՄՆ դոլար): Եվրոպական ներդրումային բանկին բաժին է ընկել Հայաստանի արտաքին պետական պարտքի 3%-ը, Եվրամիությանը՝ 1.6%-ը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 1.5%-ը:

Միևնույն ժամանակ, երկկողմանի վարկային ծագրերի մասնաբաժինը կազմել է 12.5%, ընդ որում՝ երկկողմանի վարկային ծրագրերի շրջանակներում կուտակած պետական պարտքի ընդհանուր ծավալի շուրջ 6%-ը բաժին է ընկել Ճապոնիային (JICA), 4.4%-ը՝ Գերմանիային (KFW):  

Նշենք նաև, որ տարեսկզբին արձանագրված ցուցանիշի համեմատ մեր երկրի համախառն արտաքին պետական պարտքն աճել է: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել էր 4 մլրդ 316.21 մլն ԱՄՆ դոլար:

Share