Բաժին. Տնտեսական

Կառավարության նիստից հետո կքննարկվի գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու հարցը

Կառավարության նիստից հետո ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կքննարկվի գազի և էլեկտրաէներգիայի սակագանային քաղաքականության վերանայման հարցը:

Նիստից հետո Կարապետյանը հարցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` որքան ժամանակ կպահանջվի քաղաքականությունը վերանայելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իր հանձնարարականի կատարման համար: Նազարյանը նշեց, որ անհրաժեշտ է նախ ՀՀ վարչապետի հետ փորձել հասկանալ որոշակի սկզբունքներ, թե ինչ ճանապարհով են գնալու, ինչից հետո կկարողանա հստակ նախանշել անհրաժեշտ ժամանակահատվածը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կարապետյանն առաջարկեց քննարկումն անցկացնել անմիջապես նիստից հետո, ինչին Ռոբերտ Նազարյանը դրական արձագանքեց:

Միաժամանակ, վերջինս խնդրեց, որ քննարկմանը մասնակցի նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լևոն Յոլյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարչցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետը ՀԾԿՀ նախագահին, էներգետիկայի ու բնական պաշարների, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարեց համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագանային քաղաքականության վերանայման մասին:

Share