Բաժին. Տնտեսական

Լևոն Յոլյան. հուսով եմ գազի և էլեկտրաէներգիայի սակագները կնվազեցվեն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լևոն Յոլյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկումից հետո հույս հայտնեց, որ էլեկտևաէներգիայի և գազի սակագինը կնվազի:

Քննարկումից հետո լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ որոշում կայացվեց, Յոլյանն ասաց, որ հետագան ցույց կտա և ավելացրեց` սակագնային քաղաքականության մշակման առումով խնդիրներ կան:

«Հուսով եմ, որ սակագինը կիջեցվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Յոլյանը: Հարցին, թե ինչու նախկինում կառավարությունում չէին մտածում այդ մասին, Յոլյանը նշեց. «Բայց դուք գիտեք, որ ընդամենը մեկ ամիս առաջ սակագինը վերանայվել է: Հիմա մենք զարգացումների մեջ ենք»:

Միաժամանակ, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին, թե մոտավորապես քանի տոկոսով սակագների նվազեցման տեղ կա, պետք է հաշվարկներ արվեն: Կառավարության նիստում ՀՀ վարչապետը ՀԾԿՀ նախագահին, էներգետիակայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարեց համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագանային քաղաքականության վերանայման մասին: Այնուհետև առաջարկվեց հարցը քննարկել նիստից անմիջապես հետո` վարչապետի գլխավորությամբ:

Share