Բաժին. Տնտեսական

Հայ-չինական առևտրային հարաբերությունները «սառել են». Չինաստանում հայկական արտադրանքը պահանջարկ չունի

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանը Չինաստանի հետ իրականացրել է 218.83 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը շուրջ 20%-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հատկանշական է, որ Չինաստանի հետ առևտրի շրջանառության անկումը բացառապես պայմանավորված է Հայաստանից Չինաստան արտահանման ծավալների կրճատմամբ: Այսպես, հաշվետու ամիսներին հայ-չինական առևտրային շրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 45.35 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 57%-ով, մինչդեռ Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 173.47 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 5%-ով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու յոթ ամսում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Նշենք նաև, որ Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 4.7%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ շուրջ 10%:

Share