Բաժին. Տնտեսական

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկումը շարունակվում է

Մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի անկում շարունակվում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4%: Հիշեցնենք, որ հունվար-հուլիսին ցուցանիշը կազմել էր 3%, հունվար-հունիսին՝ 4.8%, հունվար-մայիսին՝ 5.5%:

Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.4% աճին մեծապես նպաստել են բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը և արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, մինչդեռ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է աճի «համեստ» ցուցանիշ, իսկ շինարարության և առևտրի ոլորտներում՝ անկում:

Այսպես, հաշվետու ութ ամսում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 8%: Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 4.1%, շինարարության ոլորտում գրանցվել է շուրջ 7.5% անկում, իսկ առևտրի շրջանառությունը կրճատվել է 0.5%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 898.71 մլրդ ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 509.90 մլրդ ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝  1365.72 մլրդ ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝  802.11 մլրդ ՀՀ դրամ,  իսկ շինարարության ծավալը՝ 196.73 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 98.4%:

Նշենք նաև, որ 2015 թվականին մեր հանրապետությունում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.1% աճ:

Share