Բաժին. Տնտեսական

Աբել Աղանբեկյան. ՀՀ տնտեսության համար նոր ռազմավարություն պետք է մշակվի

Հայաստանի նման փոքր ներքին շուկա ունեցող երկիրը կայունությունը պահպանելու համար պետք է գնա տնտեսության դիվերսիֆիկացման: «Հայաստանի տնտեսությունը զարգանում է գրեթե համաշխարհային տնտեսության աճի մակարդակով, մի փոքր ավելի դանդաղ, քան մյուս զարգացող երկրները: Անհրաժեշտ է նոր ռազմավարություն, հատկապես, որ ներկայումս բավականին հարմար, բեկումնային ժամանակահատված է, երբ երկրում ձեւավորվել է նոր կառավարություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովում  նման կարծիք է հայտնել ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը: Նա նշել է, որ Եվրամիության եւ Չինաստանի հետ Հայաստանի համագործակցությունը դրական է ազդում տնտեսության վրա. «ԵԱՏՄ անդամակցությունը լավ ազդեցություն ունեցավ թե Հայաստանի եւ թե Ռուսաստանի տնտեսությունների համար: Սակայն լայն, սերտ առեւտրատնտեսական կապեր պետք է ունենալ բոլորի հետ, եւ Հայաստանը շարժվում է հենց այդ ճանապարհով»,- հավելել է բանախոսը:

Ներկայացնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները՝ Աղանբեկյանը,  ընդգծել է, որ մեր երկրի տնտեսությունը զգալիորեն կախված է նաեւ այլ երկրներում` Ռուսաստանում, Եվրամիությունում, Չինաստանում տիրող տնտեսական զարգացումներից եւ չի կարող դիտարկվել այս համակարգերից անջատ: «Այս առումով հատկապես մեծ է Ռուսաստանի դերը, որպես Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերոջ: Սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատման եւ արդեն չորրորդ տարին Ռուսաստանում տիրող ռեցեսիոն, ստագնացիոն գործընթացներից դուրս գալու ուղիները գտնելու նպատակով անհրաժեշտ է առաջին հերթին գնահատել գլոբալ տնտեսությունում տիրող իրավիճակը»,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ համաշխարհային տնտեսությունը ներկայումս աճում է ավելի դանդաղ, քան նախկինում էր. եթե նախկինում տարեկան աճը կազմում էր 3.5-4 տոկոս, ապա այժմ այն նվազել է մինչեւ 2.5-3 տոկոսի, իսկ հետագա աճ առայժմ չի կանխատեսվում: Դա առաջին հերթին կապված է Չինաստանի տնտեսության աճի կտրուկ դանդաղելու հետ` հաշվի առնելով, որ համաշխարհային ՀՆԱ-ի տարեկան 75 տրլն ԱՄՆ դոլարից 19 տրլն-ը արտադրվում է հենց այդ երկրում: 

«Ռուսաստանի տնտեսությունը գլոբալ տնտեսության վրա քիչ ազդեցություն է թողնում, քանի որ իր մասն ընդամենը 3 տոկոս է կազմում: Սակայն ՌԴ-ում տիրող տնտեսական իրավիճակը մեծապես ազդում է հարեւան երկրների եւ այն երկրների վրա, որոնց հետ առկա են սերտ տնտեսական հարաբերություններ. խոսքը նաեւ Հայաստանի մասին է: Աշխարհի զարգացած երկրները դեռ 2008-2009 թթ. սկսված համաշխարհային ճգնաժամից դուրս գալու համար վարում են «փափուկ» դրամավարկային քաղաքականություն, ինչի արդյունքում փողը կտրուկ էժանացել է: Պատկերացրեք` էժան արտադրանքը հանդիպում է էժան փողին, ինչը, ապահովելով որոշակի տնտեսական աճ, նոր ֆինանսական «փուչիկների» առաջացման ռիսկ է պարունակում, որոնք կարող են պայթել: Հետեւաբար, մոտ ապագայում եւս հնարավոր են տհաճ «անակնկալներ»,- հավելել է Աբել Աղանբեկյանը:

Share