Բաժին. Տնտեսական

Խաղողի մթերման հարցում Իգնատի Առաքելյանի վերաբերմունքը սուբյեկտիվ չի լինի

Գյուղատնտեսության նախարարությունում մշակվում է ռազմավարական ծրագիր, որով նախատեսվում են գյուղացիներին աջակցելու ուղղություններ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Անդրադառնալով բիզնեսով զբաղվելու՝ գյուղացիներին ուղղված իր հորդորին՝ Առաքելյանն ասաց.

«Մենք ծրագիր ենք մշակելու և փորձելու ենք գտնել դոնորներ, ովքեր աջակցելու են, բիզնեսը ֆինանսավորելու դասընթացներ են անցկացվելու: Բնական է, որ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իրեն բիզնեսով լուրջ զբաղվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ասաց Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ գյուղացին կառավարությունից պահանջում է, որ լավ ապրի: «Մենք ելքեր ենք փնտրում՝ ինչպես անենք, որ իր պահանջները կատարվեն»,- շեշտեց նախարարը՝ հավելելով, որ գյուղացուն միշտ պետք է ուղղորդել՝ ճիշտ կազմակերպելու իր գործունեությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե խաղողի մթերման հարցում սուբյեկտիվ չի՞ լինելու Իգնատի Առաքելյանի մոտեցումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինս Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն է եղել մինչ նախարար նշանակվելը: «Երբեք սուբյեկտիվ չի կարող լինել իմ վերաբերմունքը»,-ասաց նախարարը:

Share