Բաժին. Տնտեսական

Այսօր լրանում է Հայաստանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեության 20-ամյակը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրանում է Հայաստանում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեության 20-ամյակը:

«Միասին դեպի բարեկեցություն» կարգախոսով՝ Բանկն արդեն երկու տասնամյակ Հայաստանի բնակչությանն ու բիզնեսին մատուցում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ ապահովելով դինամիկ զարգացման կայուն տեմպեր:

Բանկի 20-ամյա գործունեության կապակցությամբ՝ «Բիզնես 24»-ն առանձնացրել և ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մասին.

1. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հիմնադրվել է 1996 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման ծրագիրը իրականացրել է ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը՝ հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ:

2. Սկզբնապես Բանկի գործունեությունն ուղղված է եղել Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորմանը: Ստեղծմանը հաջորդող տարիներին բանկն աստիճանաբար տրամադրել Է նաև վարկեր գյուղացիական միջավայրում իրականացվող ոչ գյուղատնտեսական ծրագրերի, իսկ 1999 թվականից` նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:

3. Այսօր լինելով Հայաստանի խոշորագույն և ֆինանսապես կայուն բանկերից մեկը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն իր գործունեության համար հիմնական նպատակ է սահմանել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանն օժանդակելը:

4. Բանկի առաքելությունն է լինել հասանելի, վստահելի և կայուն ֆինանսական գործընկեր հասարակության բոլոր խավերի համար:

5. Բրիտանական Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից բանկը հինգ տարի (2000թ., 2001թ., 2002թ., 2006թ. և 2008թ.) ճանաչվել է Հայաստանում գործող տարվա լավագույն բանկ: 2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար գերմանական Commerzbank AG բանկը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ:

6. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

7. 2011 թվականին առաջին անգամ ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելը հատել է 100 մլրդ ՀՀ դրամի սահմանը:

8. Այսօր բանկն իր հաճախորդներին  տրամադրում է հետևյալ բանկային ծառայությունները` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում, բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների, առևտրային, գյուղատնտեսական, լոմբարդային, ուսման, սպառողական, հիփոթեքային գնման, հիփոթեքային վերանորոգման, ապառիկ, ԱՊԱՌԻԿ ՏԵՂՈՒՄ, ջեռուցման վարկերի տրամադրում, միջազգային VISA, MasterCard, American Express և տեղական ArCa պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում, կոմունալ վճարումների իրականացում, հաշիվների կառավարում ACBA ON-LINE համակարգի, ACBA Mobile բջջային հավելվածի և Phone Banking ծառայության միջոցով, ինչպես նաև իրականացնում է ռեեստրի վարում և արժեթղթերի պահառություն:

9. Ներկայում Բանկն ունի 57 մասնաճյուղ, որոնցից 16-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում:

10. Բանկն ունի շուրջ 1200 աշխատակից:

 

Share