Բաժին. Տնտեսական

McKinsey. Բջջային և առցանց ֆինանսական ծառայությունները՝ տնտեսական աճի նոր խթան

Ֆինանսների օնլայն կառավարումը և թվային հարթակում բանկային տարաբնույթ գործարքների իրականացումը զարգացման նոր հնարավորություններ են ստեղծում այն տնտեսությունների համար, որոնք կարող են շարժվել տեղեկատվական տեխնոլոգիաներին ընդառաջ: Բանկային հաշվի օնլայն կառավարումը, առցանց առևտուրը, բջջային հեռախոսի միջոցով հարկերի, կոմունալ վճարումների ու ֆինանսական տարբեր գործարքների կատարումը փոխում են ֆինանսական ծառայությունների հասանելիության մասին պատկերացումները և նպաստում տնտեսության ընդլայնմանը:

McKinsey գլոբալ ինստիտուտի նոր հետազոտության համաձայն՝ այսօր զարգացող երկրներում ապրող շուրջ 2 մլրդ մարդկանց կամ այս երկրների չափահաս բնակչության շուրջ կեսին հասանելի չեն նույնիսկ ամենապարզ բանկային ծառայությունները, մասնավորապես՝ բանկային խնայողական հաշվի բացումը կամ վարկի ստացումը: Ըստ վերլուծաբանների՝ եթե այսօր այս մարդկանց հնարավորություն տրվի օգտվելու ֆինանսական ծառայություններից ինտերնետ կապի և բջջային հեռախոսների միջոցով, ապա մինչև 2025 թվականը զարգացող տնտեսությունների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կավելանա շուրջ 3.7 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Ըստ հետազաոտության արդյունքների՝ կանխիկի փոխարեն թվային վճարումների կիրառումը կունենա բավականին մեծ արդյունավետություն և կապահովի տնտեսական աճի շուրջ մեկ երրորդը: Միևնույն ժամանակ, թվայնացման շնորհիվ շուրջ 2 մլրդ մարդ հնարավորություն կստանա առաջին անգամ օգտվելու ֆինանսական ծառայություններից:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ զարգացող տնտեսություններում ֆինանսական ծառայությունների թվայնացման համար կան բավարար պայմաններ: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ զարգացող տնտեսությամբ երկրներում չափահաս բնակչության շուրջ 80%-ն ունի բջջային հեռախոս և ինտերնետ կապի հասանելիություն:

Այսպիսով, ըստ հետազոտության արդյունքների՝ եթե տնտեսական կայուն զարգացումը պահանջում է երկար ժամանակ, ապա ֆինանսական ծառայությունների թվայնացումը կարող է արագացնել այս գործընթացը և ընդլայնել տնտեսական զարգացման հնարավորությունները:

Share