Բաժին. Տնտեսական

Հայաստանում աճել է ժամանցի և զվարճանքի ծառայությունների պահանջարկը

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում բնակչությանը մատուցվել են շուրջ 802.1 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները: Հաշվետու ամիսներին հանրապետությունում մատուցվել են 160.8 մլրդ  ՀՀ դրամի  ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 2.5%-ով: Արդյունքում, ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 20%:

Միևնույն ժամանակ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցվել են 153.3 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 140,94 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ, իսկ տրանսպորտի ոլորտում՝  107,21 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ:

Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալն աճել է ավելի քան 33%-ով, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը պահպանվել է գրեթե նույն մակարդակում, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալն աճել է ավելի քան 23%-ով:

Share